ՌԴ-ում առաջարկում են ժամանակավորապես միգրանտներին տաքսու վարորդ աշխատելու թույլտվություն տալ

Ռուսաստանում Տաքսիների զարգացման հանրային խորհուրդը Դաշնային խորհուրդ է ուղարկել երկու տարով միգրանտներին տաքսու վարորդ աշխատելու թույլտվություն տալու առաջարկ, գրում է РБК-ն:


Նման միջոցը, կարծում են տաքսիների զարգացման խորհրդում, կօգնի հաղթահարել վարորդների դեֆիցիտը, որը, փորձագետների գնահատմամբ, կազմում է 500 հազարից մինչեւ 2,5 միլիոն մարդ:


«Մենք առաջարկում ենք թույլատրել միգրանտների ժամանակավոր մուտքը տաքսի ծառայություններ՝ խիստ հսկողության ներքո», — հայտարարել է խորհրդի նախագահ Իրինա Զարիպովան: Նրա խոսքով՝ վարորդների նկատմամբ արդյունավետ հսկողություն կարող է ապահովել հատուկ սարքը, որը տեղադրում են ապահովագրական ընկերությունները՝ վարելու պարամետրերը ֆիքսելու համար:


Խորհրդում հայտնել են, որ միգրանտներին տաքսի վարելու թույլտվություն տալու առաջարկն ուղարկվել է Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Սինիցինին: Նա դեկտեմբերի սկզբին տաքսիների խնդիրներին նվիրված կլոր սեղանի ժամանակ շուկայի մասնակիցներին առաջարկել է ձևակերպել առաջարկություններ տաքսիների ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման համար։ Դաշնության խորհրդում նախաձեռնությունը դեռ չի մեկնաբանվել:



Քաղաքականություն