Ռոսսելխոզնադզորը մի շարք պահանջներ է ներկայացրել․ մաքսային կցորդ
Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների մուտքի հետ կապված խնդիրները դեռ չեն վերացել, ավելին՝ Ռուսաստանի սահմանիրց հետ վերադարձող հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաների թիվը գնալով ավելանում է։ Այս մասին Tert.am-իր հետ զրույցում հայտնեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ մանրամասնելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում հետ վերադարձող բեռնատարների թիվն ավելացել է 10-ով։
Նրա տվյալներով՝ այս պահի դրությամբ արդեն 60-70 բեռնատար է Հայաստան վերադարձել, դեռ շատերն էլ հերթում են՝ սպասելով փորձաքննության արդյունքներին՝ կկարողանան ապրանքը ռուսական շուկա հասցնել, թե հետ կբերեն։
«Ռոսսելխոզնադզորը մի շարք պահանջներ է ներկայացրել հայկական ապրանքների որակական հատկանիշների վերաբերյալ։ Ասում են, որ իրենց որակական պահանջներին հայկական բեռները չեն համապատասխանում։ Եղել են տնտեսվարողներ, ովքեր նշում են, որ իրենց ապրանքներում խնդիրներ են եղել, մեծ մասի պնդմմաբ էլ՝ նման բան բացառված է»,- ասաց Հակոբյանը։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը հուսով է՝ շուտով խնդիրը կկարգավորվի։ Նրան լավատեսություն է ներշնչել հայկական և ռուսական կողմերի հանդիպումը։
Վահան Հակոբյանի տեղեկություններով՝ Ռոսսելխոզնադզորի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են և իրավիճակը կարգավորելու ուղղությամբ փորձում են լուծումներ գտնել։
«Ռոսսելխոզնադզորը և ՍԱՏՄ-ն պետք է աշխատեն վիճելի հարցերի շուրջ, թե ինչու են խնդիրներ առաջացել, ինչպես պետք է այն լուծել։ Հույս ունեմ, որ մոտ օրերս կունենաք իրավիճակի փոփոխություն, աշխատանքներ են տարվում, ինչի արդյունքներում նաև նոր հանդիպումներ պլանավորվում»,- փոխանցեց նա։
Հիշեցնենք, որ Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող Ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում:
Ռոսսելխոզնադզոր պարզաբանել էր, որ Հայաստանից սարտահանված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք է հայտնաբերվել, ինչը կարող է վկայել արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգի խախտման մասին։ Ռուսական պետական կառույուցը նշել էր, որ հայկական գյուղմթերքում նաև վնասատուներ են հայտնաբերվել։
ՍԱՏՄ-ն էլ մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտնել էր, որ առաջիկայում հարցի վերաբերյալ քննարկումներ են լինելու։ Թեև նախարարը Վերին Լարսում ստեղծված իրավիճակում քաղաքական տարրեր չի տեսնում, բայց մտահոգիչ է համարում, որ հայկական բեռները հետ են վերադարձվում։ Քերոբյանը միևնույն ժամանակ հայտարարել էր, թե ստեղծված իրավիճակը լավ առիթ է, որ որպեսզի արտադրողները վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և նոր շուկաներ գտնեն։