Ողբերգական դեպք. տան հողամասում հայտնաբերվել է այրվածքներից մահացած 83-ամյա տղամարդու դի
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցի տներից մեկը, որտեղ հողամասում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան հողամասում հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ռուբեն Վ.-ի դին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ռուբեն Վ.-ն իրենց տան դիմաց գտնվող տնամերձ հողամասում մաքրման աշխատանքներ կատարելուց հետո խոտերը վառած յուղով այրել է: Կրակից հագուստը բռնկվել է, ինչի հետևանքով ստացած այրվածքներից նա մահացել է:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: