
Տավուշում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել
է Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման մանրամասները։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ Վարդապետյանը Տավուշի մարզում Զինվորական դատախազության
նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով այցելել է Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի N բանակային զորամիավորում:
«Գլխավոր դատախազը զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանի
հետ զրույցում քննարկել է բանակում կարգապահության, զինծառայողների միջև կանոնադրային
հարաբերությունների պահպանման, բանակում հանցագործությունների կանխարգելման մի շարք
հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազը
ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի, Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանի և Լոռու
կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել,
որի ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման
մանրամասները: