Քաղաքականություն

Սամվել Բաբայանն այսօր կգնա քննիչ հանձնաժողով. նիստը դռնփակ է․ «Ժողովուրդ»

Սամվել Բաբայանն այսօր կգնա քննիչ հանձնաժողով. նիստը դռնփակ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր կգնա 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով: Նիստն անցնելու է դռնփակ, ներկա կլինեն միայն հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները, այսինքն՝ քննիչ հանձնաժողովի անդամները Բաբայանին իրենց ուզած հարցերը կտան, պատասխաններ կստանան, սակայն հանրության համար այդ ամենը մութ կմնա:

Գաղտնիք չէ, որ Սամվել Բաբայանը, թերևս, ՔՊ-ականների ամենասիրելի արցախցի գործիչն է, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մտերիմն է, ուստի ՔՊ-ականները մտադիր են ջերմ ընդունել ու ճանապարհել նրան: Այսինքն՝ կարող ենք ասել, որ նրան քննիչ հանձնաժողով հրավիրելն ընդամենը ձևական բնույթ է կրում: Ուշագրավ է, որ հանձնաժողովի ձևավորվելուց հետո Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր դրա աշխատանքներին:

Նա հետո հայտարարեց, թե հրաժարվում է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, քանի որ «խաղի կանոնները չեն պահպանվում»: Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել. Սամվել Բաբայանի համար այլևս «խաղի կանոնների» հարց չկա, և արդեն որպես հրավիրյալ է գալիս քննիչ հանձնաժողով:

Հավելենք նաև, որ դեկտեմբերի 3-ին արդեն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը, ուստի Սամվել Բաբայանը կլինի վերջին հրավիրյալը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250