Արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Մասքի՝ Իսրայել այցին

Արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների, X սոցցանցի ղեկավար Իլոն Մասքի՝ Իսրայել կատարած այցին:

Ավելի վաղ Մասքը հայտնել էր, որ Starlink-ի տերմինալներ կտրամադրվեն Գազային օգնություն ցուցաբերող միջազգայնորեն ճանաչված կազմակերպություններին: Ի պատասխան՝ Իսրայելի կապի նախարար Շլոմո Կարխին ասել է, որ Թել Ավիվը կօգտագործի բոլոր հասանելի միջոցները, որպեսզի կանխի Starlink-ի արբանյակային կապի օգտագործումը ՀԱՄԱՍ-ի կողմից

Գործարարը նաև համաձայնել է X-ում կատարված գրառումներից մեկի հետ, որի հեղինակը կարծիք է հայտնել, որ հրեական համայնքներն «ատելություն են հրահրում»: Դա հանգեցրել է Սպիտակ տան քննադատության և գովազդատուների զանգվածային հեռացմանը Մասքի հարթակից, նշում է CNN-ը:

«Վեճերն արագորեն վերածվել են հսկայական կոմերցիոն գլխացավի ընկերության համար. առնվազն մեկ տասնյակ խոշոր բրենդներ դադարեցրել են X սոցիալական ցանցում գովազդը: Դրանց թվում են Disney-ը, IBM-ը, Fox Sports-ը և նույնիսկ Եվրոհանձնաժողովը»,- նշում է հեռուստաալիքը:

The New York Times թերթը կարծում է, որ սկանդալի ֆոնին Իլոն Մասքը որոշել է այցելել Իսրայել, որպեսզի հանգստացնի հակասեմական դավադրության տեսությանը նրա աջակցության վերաբերյալ բողոքները:

«Իսրայել ժամանելուց հետո Մասքը գրել է, որ «գործերն ավելի հնչեղ են, քան խոսքերը»: Հագնելով զրահաբաճկոն՝ նա շրջայց է կատարել իսրայելական Քֆար Ազա քաղաքում, որտեղ տասնյակ մարդիկ են սպանվել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակման ժամանակ»,- ասվում է հոդվածում:

Մասքը համաձայնել է, որ կարևոր է նվազագույնի հասցնել անկլավում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները:

Իր հերթին, Bloomberg գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իլոն Մասքը հայտարարել է, որ կցանկանար օգնել Գազայի հատվածի վերականգնմանը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմից հետո:

Գործակալության տվյալներով՝ այցից հետո սոցցանցում ատելության խոսքի շուրջ քաղաքական փոթորիկը չի հանդարտվել: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ հեռանում է հարթակից, քանի որ այն դարձել է «ապատեղեկատվությամբ, հակասեմականությամբ, բացահայտ ռասիզմով և կազմակերպված հետապնդումներով լի հարթակ»:

Քաղաքականություն

Պատահարներ