ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բերման է ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին
Ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին: Տեղեկությունը հայտնում են Ոստիկանությունից։
Նոյեմբերի 17-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն: Պարզվել է, որ այդ օրը, ժամը 16.20-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված` «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկի մականվամբ հայտնի Վ. Ա.-ն և նրան ուղեկցող անձինք վիճաբանել են նույնպես «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող, Արսեն Երևանսկի մականվամբ հայտնի Ա. Մ.-ի և «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի հետ:
Այդ ընթացքում կողմերն անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց նկատմամբ հնչեցրել հահոյանքներ, հասցրել հարվածներ:
Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Միջոցառումների ավարտը նեյոմբերի 22-ին էր: Ստացվել էին տեղեկություններ, որ Վիտալի Թբիլիսսկին ու նրան ուղեկցողները զինված են, այնուամենայնիվ ապահովված էր միջոցառման անվտանգությունը:
Ժամը 13.10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սևան քաղաքի մոտ, կանգնեցվեց տվյալ «Տոյոտան»: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվեցին «օրենքով գողն» ու նրան ուղեկցող երեք անձինք:
Անձնական խուզարկությամբ Վիտալի Թբիլիսսկու մոտ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` բյուրեղանման զանգվածով, հոգեմետ երկու դեղահաբ, իսկ մեքենայի միջից հայտնաբերվեց երկու ատրճանակ:
Բոլորն էլ ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին և ձերբակալվել:
Մանրամասները՝ տեսանյութում։