Ամերիկյան բանտում դանակահարել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար դատապարտված նախկին ոստիկանին
Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար դատապարտված նախկին ոստիկան Դերեկ Շովինը Արիզոնայի բանտում դանակահարվել է: Այս մասին, Дождь–ի փոխանցմամբ, գրում է AP–ն:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի դաշնային բանտում, որտեղ Շովինը կրում է իր պատիժը: Ըստ Sky News-ի՝ նախկին ոստիկանի վրա հարձակվել է բանտակիցը, ինչի հետևանքով Շովինը «լուրջ վիրավորվել է»:
Նախկին ոստիկանի փաստաբան Գրեգ Էրիքսոնն ասել է, որ դեռ չի կարողացել կապ հաստատել իր պաշտպանյալի հետ։ Բանտերի դաշնային բյուրոն նրան մանրամասներ չի հայտնել տեղի ունեցածի մասին։
Որոշ աղբյուրներ գրում են, որ նախկին ոստիկանը ստացած վնասվածքներից մահացել է: Սակայն այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա:
Նոյեմբերի 25-ին Մինեսոտայի գլխավոր դատախազության խոսնակ Բրայան Էվանսն ասել է, որ Շովինը «ակնկալվում է, որ ողջ կմնա»:
Ջորջ Ֆլոյդը մահացել է 2020 թվականի մայիսին։ Մահը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Շովինը 8 րոպեից ավելի ծունկը պահել է Ֆլոյդի պարանոցին՝ տղամարդուն կալանավորելիս։ 2021 թվականին ԱՄՆ դատարանը նախկին ոստիկանին սպանության մեղադրանքով դատապարտեց 22,5 տարվա ազատազրկման։