ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում ՇՄ նախարարության մոտ. ձկնաբուծարանների ներկայացուցիչները բողոքի ցույց են անում

Վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ հավաքվել և բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը երեկ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։

Ձկնաբուծարանների ներկայացուցիչները շրջակա միջավայրի նախարարության մոտ բողոքի ակցիա են կազմակերպել, քանի որ դժգոհ են ջրային օրենսգրքի փոփոխություններից։ Նրանք արդեն հանդիպել են ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ, ով հանդիպման ժամանակ հայտարարել է.

«Արարատյան դաշտում արտեզյան ջրերի վիճակը աղետալի է, ուստի անհրաժեշտ է պահպանել ջրային ռեսուրսները»։ 

                  
Սիմիդյանը նշել է, որ նախարարությունը ուսումնասիրություն է իրականացրել արտեզյան ջրերի մոնիթորինգի 55 կայանում և արձանագրել է ջրի մակարդակի իջեցում: Դրանից ելնելով՝ նա պարտադիր է համարում բոլոր հնարավոր ուղղություններով ջրային ռեսուրսների կորուստը կրճատելը։


Ի պատասխան՝ ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները նշել են, որ տիրապետում են ջրի ապօրինի օգտագործման, ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման մասին տեղեկատվությանը և բարձրաձայնում են այդ հարցերը, սակայն նախարարությունն անտեսում է այդ ամենը։


«Մենք կարող ենք ցույց տալ բոլոր անօրինական օգտագործվող հորերը, որոնց վրա հաշվիչներ չկան։ Կարո՞ղ եք հիմա սկսել աշխատել»,- ասել է հանդիպման մասնակիցներից մեկը:

Հավելենք, որ ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները գոհ չեն ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպումից։ 

«Հանդիպումից բավարարված չենք, մեզ հուզող հարցի հիմնական պատասխանում նախարարը սկզբում նշեց, որ մենք սխալ ենք հասկացել օրենքի իմաստը, այսինքն` ջուր փակելու կամ ջրի ծավալը նվազեցնելու վերաբերյալ խոսք չկա։ Անձամբ ես հարցրել եմ, թե որն է համակարգ տեղադրելու նպատակը, եթե ջուրը պետք է խնայվի ու 40 տոկոսով վերադարձվի նույն տնտեսություն և տնտեսական աճ գրանցվի։ Բայց, եթե ընդերքից ջրառը պետք է շարունակվի նույն ծավալով, ապա դրա ջրախնայողությունը ո՞րն է լինելու։ Դրան պատասխան չհնչեց»,– ասել է հանդիպման մասնակիցը։


Նա ընդգծել է` նախարարն իրենց որևէ երաշխիք չի տվել, որ հետագայում ջրօգտագործման ծավալները նվազեցնելու վերաբերյալ որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գալու։


Ձկնաբույծը նաև նշել է, որ այս ամենում մեկ դրական բան կա` հաջորդ շաբաթվանից կվերսկսվեն խմբի աշխատանքները և կառավարությունը որոշում կկայանացնի փակ համակարգի տեղադրման կարգի վերաբերյալ։ Նրանց փոխացել են, որ այդ հարցն իրենց հետ կքննարկվի։


Նշվեց, որ հաջորդ շաբաթ Սիմիդյանի հետ հանդիպումից հետո կորոշեն իրենց հետագա անելիքները։ Ձկնաբույծները համոզված են, որ շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է ջուր խնայել իրենց հաշվին, ինչպես նաև չի վերացնելու կորուստները և չի փակի ապօրինի օգտագործվող ջրի հորերը, որոնց վրա չկան տեղադրված հաշվիչներ։


Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։



Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:



Քաղաքականություն