ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 10 կգ-ից ավելի «մեթամֆետամին», որի արժեքը գերազանցում է 800 միլիոն դրամը. ՊԵԿ-ի բացահայտումը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:


Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները զննել են Իրանից Հայաստան ժամանած  ԻԻՀ  քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Հայտնաբերվել է շագանակագույն կաշվե պայուսակ, որը լցված է եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով: Պայուսակը Հայաստանում պետք է ստանար Չինաստանի քաղաքացի Լ. Լ.-ն:


«Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով պայուսակի փոխարեն նույնանման փոխարինված զանգվածներով պայուսակը ստանալուց հետո,  ձերբակալվել է Լ. Լ.-ի կինը` ՀՀ քաղաքացի Ս. Խ.-ն, ով իր բնակարանում ունեցել է նշված կաշվե պայուսակին նմանվող ևս 3 պայուսակ և դրանք հանձնել է ՊԵԿ աշխատակիցներին: Այդ պայուսակները նույնպես լցված են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով:


Այնուհետև ձերբակալվել է վարչություն ինքնակամ ներկայացած Չինաստանի  քաղաքացին և տեղափոխվել է քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:


Շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:


Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն