Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Հայտարարություն մեջ մասնավորապես նշվում է․
«Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո դիտարկում էր դրանք և պատրաստակամ էր շարունակել պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները՝ չնայած ԼՂ-ում ծանր շրջափակման հետևանքով օրեցօր սրվող մարդասիրական ճգնաժամին, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։
Հաջորդիվ, շարունակելով բացահայտ կերպով արհամարհել խաղաղության գործընթացին վերադառնալու հնարավորությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերը, ադրբեջանական կողմը չմասնակցեց նախ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Գրանադայում, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներին, թեև այդ հնգակողմ և եռակողմ հանդիպումները նախապես համաձայնեցված էին:
Հայկական կողմը շարունակել է աշխատանքները համաձայնագրի տեքստի շուրջ և առավել արդյունավետ է համարել դրանք ներկայացնել Ադրբեջանին հենց ենթադրվող հանդիպումների ընթացքում։ Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը փակուղի մտցնելու և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու փորձերը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն փոխանցել է համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ինչպես բազմիցս նախկինում, ապացուցել է, որ պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում՝ որպես ուղենիշ ունենալով՝ միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչումը և հարգումը, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի իրականացումը, պետությունների ինքնիշխանության ու իրավազորության լիակատար հարգման և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում: Հայկական կողմը շարունակում է դրսևորել այդ կամքը:
Այդ կամքի արտահայտություններից է նաև այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին»,- նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին հրավիրել էր հանդիպում անցացնել պետական սահմանին։
Նմանատիպ հոդվածներ
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
Հայտնի է՝ երբ տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին հանդիպումը
Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին իր ֆե...
ՀՀ ընդդիմությունը դիմել էր Մոսկվային՝ Փաշինյանի դեմ պայքարում աջակցության համար․ Զատուլին
Հայաստանի ընդդիմությունը ժամանակին դիմել է Մոսկվային՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում աջակցություն ստանալու համար։ Այս մաս...
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հ...