Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը․ Ալիև

Մենք Հայաստանից սպասում ենք առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին։ Այս մասին նշվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Իրաքի Հանրապետության նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ:  


«Մի քանի անգամ մենք փոխանակվել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներով, բայց այժմ մենք սպասում ենք ավելի քան երկու ամիս՝ սեպտեմբերի 11-ից, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատասխան տա մեզ։  Մենք ուզում ենք իմանալ նրանց կարծիքը այս մեկնաբանությունների վերաբերյալ: Բայց մենք այդպես էլ պատասխան չստացանք»,- ասվում է հայտարարության մեջ։


Նշվում է՝ պատճառն այն է, որ հայերը վատ խորհուրդներ են ստանում, մասնավորապես, Ֆրանսիայից։


«Ֆրանսիան շատ ապակառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասում։  Փաստորեն Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար»,- ասել է երկրի ղեկավարը։ 


«Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ։ Մենք կռվել ենք մեր տարածքում, վերականգնել ենք արդարությունն ու միջազգային իրավունքը։ Բայց Հայաստանի կառավարությունն ու քաղաքական վերնախավը մտածում են ռևանշի մասին։ Եվ Ֆրանսիայի կառավարության սխալ ուղերձները փաստացի Հայաստանի կառավարության, իսկ գուցե նաև հայ հասարակական կարծիքի մոտ պատրանքներ են ստեղծում, թե նրանք կարող են կրկին ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ: Հայաստանի սպառազինությունը, որով այդքան հպարտանում և հրապարակայնորեն հայտարարում է Ֆրանսիան, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել։ Արդյունքը նույնն է լինելու, և ոչ ոք նրանց չի օգնի։ Արդյո՞ք Ֆրանսիան օգնեց նրանց երեք տարի առաջ։ Ոչ։ Արդյո՞ք նրանք օգնել են նրանց երկու ամիս առաջ: Ոչ։ Ինչ կարող են նրանք անել այստեղ: Ոչինչ: Ուստի ես կարծում եմ, որ որքան արագ մենք պատասխան ստանանք Հայաստանից մեր մեկնաբանություններին, այնքան լավ»,- նշել է Ալիևը։