Նոր տվյալներ՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների և ծերերի վերաբերյալ

Արցախից բռնի տեղահանված 83 տարեց այս պահի դրությամբ բնակվում է Հայաստանի 6 խնամքի հաստատությունում։ Այս մասին հումանիտար կենտրոնում անցկացված ասուլիսում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ 


«Նրանցից 17–ը դեռ սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի ծերանոցից են տեղափոխվել։ Խնամքի կենտրոններում գտնվող 83 տարեցներից մոտ 50-ը միայնակ են, նրանք կշարունակեն խնամք ստանալ մեր հաստատություններում»,– մանրամասնեց Ստեփանյանը։ 


Նա ընդգծեց, որ տարեցների դեպքում շուրջ 1,5 ամսվա ընթացքում վերամիավորումներ են եղել ընտանիքների հետ։ Այսօր էլ 2 տարեց վերադարձել են իրենց ընտանիքների մոտ։


Տաթևիկ Ստեփանյանն անդրադարձավ նաև Ստեփանակերտի գիշերօթիկից տեղափոխված երեխաներին։


10 երեխա Ստեփանակերտի գիշերօթիկից տեղափոխվել է Հայաստանում գործող շուրջօրյա խնամքի հաստատություն, գիշերօթիկում 5 աղջիկ և 5 տղա է եղել։


«Երեխաները 1-17 տարեկան են։ Տեղափոխման պահին 2 երեխա առողջական խիստ անբավարար վիճակում են եղել, նրանց տեղավորել էին Գորիսի ԲԿ–ում։ Ամբողջությամբ լավանալուց հետո նրանք տեղափոխվել են խնամքի հաստատություն»,– հայտնեց Սիմոնյանը։


Փոխնախարարը նշեց նաև, որ բոլորը կենսաբանական ծնողներ ունեն և որևէ մեկը զրկված չէ ծնողական իրավունքներից։ 


«Մենք այնպես ենք անում, որպեսզի նրանք վերամիավորվեն ընտանիքների հետ, այս երեխաների դեպքում էլ նույն գործընթացը կիրականացվի»,– հավելեց Սիմոնյանը։ 


Նրա խոսքով՝ 2 երեխայի ընտանիք արդեն իսկ տեղափոխվել է խնամքի հաստատությանը մոտ գտնվող տներ, նախարարությունը պետք է փորձի վերամիավորել նրանց։ Եվս 3-ն էլ հաշվառվել են որպես խնամատարության ենթակա երեխաներ։

Քաղաքականություն