Աջ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել, մատ ենք թափ տվել․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկը» կբարելավի Հայաստանի անվտանգությունը: Այս մասին ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ–ն երկար տարիներ կառուցել է անվտանգության համակարգ, որն այնուհետև խափանումներ Է տվել։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենակարևոր քաղաքական գործառնական նշանակությունն այն է, որ մենք վիզուալ ցույց տանք, թե ինչ ենք ուզում, ինչ պատրաստակամություն ենք հայտնում, և այդպես շարունակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ «Խաղաղության խաչմերուկը» ոչ թե նոր բան է, այլ վերջին երեք տարվա դիրքորոշումների, քննարկումների ու պայմանավորվածությունների արտահայտում։
«Խաղաղության օրակարգն ու «Խաղաղության խաչմերուկը» հենց անվտանգության մասին է։ Անվտանգության մոդելը, որ մենք կիրառել ենք ու արդյունքում պրոբլեմներ ունեցել, գիտե՞ք որն է․ աջ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել, շրջվել ենք՝ մատ ենք թափ տվել։ Մեզ հարցրել են՝ էս ինչի՞ հաշվին եք մատ թափ տալիս, ասել ենք՝ ոնց, չգիտե՞ք՝ ով ա մեր մեջքին կանգնած։ Երբ եկել է պահը, որ դա պետք է արտահայտվեր, ասել են՝ ոնց որ թե այսօր զանգի չենք սպասում, չենք կարող ոչ մի բան ասել։ Էս ընկալման փոփոխությունը կարևոր է»,- ասել է վարչապետը։