Վրաստանը հաստատել է ֆրանսիական «Բաստիոն»-ների տարանցումը Հայաստան
APM Terminals Poti ընկերությունը «Ազատություն» ռադիոկայանի վրացական
ծառայության հարցմանն ի պատասխան հաստատել է Վրաստանի տարածքով Հայաստան
ֆրանսիական «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։
«Ուզում ենք ընդգծել, որ կոնկրետ այս դեպքում բեռը եկել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից, ուղղվել
է Հայաստան՝ մի երկիր, որի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Միևնույն ժամանակ,
Վրաստանի կառավարության հստակ ուղեցույցների և միջազգային կարգավորող մարմինների կողմից
կիրառվող սահմանափակումների բացակայության պայմաններում, APM Terminals Poti բազմաֆունկցիոնալ
նավահանգիստը հնարավորություն չունի անհիմն հրաժարվել այն բեռների ընդունումից, որոնք
պատժամիջոցների տակ չեն», - ասվում է Փոթիի նավահանգիստը կառավարող ընկերության հաղորդագրության
մեջ։
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ լույս նոյեմբերի
12-ը Փոթի նավահանգիստ է առաքվել ֆրանսիական ACMAT ընկերության արտադրության
«Բաստիոն» զրահամեքենաները՝ նախատեսված Հայաստանի համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի կողմից զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան։
Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար
Այխան Հաջիզադեն։
Վերջինս նշել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի
ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։
«Քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի
զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության
ֆոնին ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։ Հայաստանն ու Ֆրանսիան
պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս
երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն
այլընտրանք չունեն»,- նշել էր Հաջիզադեն։