ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Սարգսյանը` բանակից գումարով ազատվելու օրինագծի մանրամասների մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը համաձայն չէ փորձագետների այն պնդմանը, թե իր ներկայացրած օրենքի նախագիծը հարուստների համար է գրված ու կօգնի գումարով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։


Պատգամավորը վստահ է` այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում ծառայել, միևնույնն է` չեն ծառայում, լքում են երկիրը, հրաժարվում են քաղաքացիությունից։ Իսկ այս օրենքը, ըստ նրա, կխթանի, որ ավելի քիչ թվով մարդիկ խուսափեն ծառայությունից։


«Մտավախություն կա, որ քաղաքացին կլքի երկիրը, հետո գումարով կվերադառնա ու կխուսափի քրեական պատասխանատվությունից։ Բայց այդ դեպքում նա պետք է լքի Հայաստանը մինչև 18 տարին լրանալը և հետախուզման մեջ ապրի մոտ 10 տարի, դրանից հետո վերադառնա և ազատվի քրեական պատասխնատվությունից` օգտվելով օրենքի հնարավորությունից։ Այս ամենը քիչ հավանական եմ համարում, որովհետեւ 10 տարի հետախուզման մեջ մնալն այդքան էլ հեշտ գործ չէ»,– ասաց պատգամավորը։


Ըստ Սարգսյանի` նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։


«5000 հայ քաղաքացիներ կան, ովքեր այժմ չծառայելու համար հետախուզման մեջ են: 5000 անձինք, եթե չծառայելու համար գան և վճարեն, պետբյուջեում կունենանք 50 մլրդ դրամ»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է ՊՆ–ի դիրքորոշմանը, ապա Հայկ Սարգսյանը նշեց, որ նախնական քննարկումների արդյունքում գերատեսչությունը կողմ է արտահայտվել օրենքի նախագծին, սակայն պաշտոնական կարծիք նրանցից դեռ չի ստացվել։