60 միլիոն դրամ՝ «Հաղթանակ» կամրջի լուսավորության համար. քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության համար Երևանի համայնքային բյուջեից կտրամադրվի շուրջ 60 միլիոն դրամ: 

 

Նշվում է, որ կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակելու է 3 գույն՝ իր 1 600 000 երանգներով: Աշխատանքները կատարելու է «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերությունը։
 

«Քանի որ կառույցն իր տեսակի մեջ համարվում է մայրաքաղաքի ամենաներկայանալի կամրջային կառուցվածքներից մեկը, իսկ զբոսաշրջության տեսանկյունից՝ քաղաքի կարևոր ճանապարհաշինական հանգույցներից, ընկերությունը պայմանագրի համաձայն պարտավորվել է ապահովել կամրջի գեղարվեստական տեսքը ժամանակակից լուսադիոդային լուծումներով»,– գրել է նա։
 

Հայկ Կոտանյանը ֆեյսբուքյան իր էջում նաև գրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն։

 

«Գաղափարը կյանքի կոչելու արդյունքում հնարավորություն կընձեռնվի յուրաքանչյուր օր, ինչպես նաև պետական տոնացույցով նախատեսված օրերին և մեր երկիր ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցերի ընթացքում կամուրջը ձևավորել տվյալ երկրների խորհրդանիշներով և համահունչ թեմատիկ այլ լուծումներով»,– գրել է նա:

Քաղաքականություն