Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրվել

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

 

Այնուհետև մեկնարկել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

Ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը,

վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել նոր ջանքեր գործադրել՝ այն առավել զարգացնելու նպատակով:

 

Պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համար համատեղ հայտարարություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը համակողմանիորեն ցուցաբերվող աջակցության համար:

 

Նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին:

 

Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու մասին համաձայնագրերը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում։

 

Քաղաքականություն

Պատահարներ