
ՀՀ ՄԻՊ–ը և ԵԽ ներկայացուցիչը քննարկել են Արցախից տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ։ Այս մասին նշվում է պաշտպանի լրատվական ծառայության հայտարարության մեջ։
Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաև բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և հասցեագրման անհրաժեշտությունը` տեղահանվածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացման համատեքստում:
«Պաշտպանը ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է նաև Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր»,–ասվում է հաղորդագրությունում:
Կողմերը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ծրագրային համագործակցության հնարավորությունները։