
Հայերի զանգվածային տեղահանումը եղել է Ադրբեջանի կողմից. 34 երկրների հայտարարությունը

Հոկտեմբերի 11-ին Ժնևում ընթացքող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրաջանի շրջանակներում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից:
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների շուրջ ստեղծված ծանրագույն ճգնաժամով, ինչպես նաև վերջին շաբաթներում Լեռնային Ղարաբաղից բնակչության տեղահանությամբ:
Ըստ տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության զեկույցի, Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, տեղահանվել է Հայաստան: Զեկույցում իրավմամբ նշվում են այն տառապանքները, որոնց նրանք ենթարկվել են նման փորձության արդյունքում:
Հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև ինն ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի»,-մասնավորապես նշված է հայտարարության տեքստում: