Տնտեսություն

250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է. կուտակումներ չկան. մաքսային կցորդ

Gohar Vardanyan 662 դիտում
250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է. կուտակումներ չկան. մաքսային կցորդ

Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից Ռուսաստան ճանապարհներին է, մի մասը ձևակերպում է անցնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տվյալներ ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
 

«Այս պահին հերթեր, կուտակումներ չունենք Ռուսաստան մտնող ուղղությամբ: Լարսի անցակետում այժմ աշխատում են բնականոն ռեժիմով: Առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից ՌԴ ճանապարհներին է գտնվում, այսինքն՝ մի մասը ճանապարհին է, մի մասը հասել, ձևակերպվում է, միգուցե դրանց մի մասը ձևակերպվել, դուրս է եկել: Նախորդ օրը 140 հայկական բեռնատար, որոնցից 35-ը՝ հայկական կոնյակով բեռնված, փաստացի մտել է Ռուսաստան՝ բոլոր մաքսային ձևակերպումներն ավարտած: Եվ 207-ը դեպի Հայաստան են շարժվել»,-ասել է Հակոբյանը:
 

Մաքսային կցորդը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 4-ի ուշ երոկոյան ռուսական կողմը հանել է կոնյակի մասով իր սահմանած նոր կարգավորումը:

Ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն էր սկսել իրականացնել Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ, Հայաստանից գնացող ամբողջ կոնյակը ենթարկվում էր մաքսային հսկողության, երբեմն ապրանքն ուղարկում էին փորձաքննության: Հիմա այս խոչընդոտը հանվել է:
 

«Մինչև այս պահը մոտ կոնյակով բեռնված 50 բեռնատար ձևակերպվել և մտել է Ռուսաստանի տարածք: Լարսի անցակետում կանգնած է ևս 47 բեռնատար, որոնք սպասում են փորձաքննության եզրակացությանը, որ շարժվեն ՌԴ»,-ասել է Հակոբյանը:
 

Ռուսական կողմից խոստացել են այդ պատասխանները շատ արագ տալ: Եվ առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում այդ 47 բեռնատարները ևս պետք է շարժվեն: 
 

Այսպիսով այսուհետ  Վերին Լարսի անցակետից հայկական կոնյակը փորձաքննության հիմնականում չի ուղարկվելու, միայն եզակի դեպքերում, երբ լինեն խիստ կասկածներ ու հիմքեր: Ըստ անհրաժեշտության՝ բոլորի նկատմամբ լինելու է սովորական զննում:
 

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանից դուրս եկող ուղղությանը, ապա Վերին Լարսում կան հերթեր: Հակոբյանի խոսքով՝ սակայն դրանք վերաբերում են հիմնականում երրորդ երկրներ ապրանք տանող բեռնատարներին: 
 

«Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՌԴ կառավարության համապատասխան որոշումը, որով արտահանման մի շարք մաքսատուրքեր են սահմանվել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար: Շատ տնտեսավարողներ, որոնք ՌԴ-ից ապրանք են արտահանում երրորդ երկրներ, անպատրաստ են հասել  Լարսի անցակետ և պետք է վճարումներ կատարեն, փաստաթղթեր լրացնեն: Դրա հետ կապված ձևակերպման գործընթացը դանդաղել է: Բայց այդ ընդհանուր հերթի մեջ հայկական բեռնատարներ երկար չեն սպասում և սպասարկվում են արտահերթ»,-ասել է մաքսային կցորդը:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250