18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի քան 80 զոհ, մոտ 240 տուժած կա սիրիական ռազմական քոլեջի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով
Առնվազն 80 մարդ է զոհվել, մոտ 240-ը՝ վիրավորվել սիրիական Հոմսում ռազմական քոլեջի վրա հարձակման հետևանքով։ Այս մասին, տեղի ԶԼՄ–ների հաղորդմամբ, հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարը:
BBC–ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ ահաբեկչական գործողության հետևանքով կա ավելի քան 100 զոհ:
Պետական Sana լրատվական գործակալությունը հրապարակել է երկրի ռազմական հրամանատարության հայտարարությունը, ըստ որի՝ մի քանի անօդաչու թռչող սարքեր պայթուցիկներով հարձակում են իրականացրել Հոմսի ռազմական ակադեմիայի վրա՝ կուրսանտների ավարտական արարողության ավարտից անմիջապես հետո։
Երկրի բանակի պաշտոնյաները հարձակման մեջ մեղադրել են «ահաբեկչական խմբավորումներին, որոնց աջակցում են հայտնի միջազգային ուժերը»:
Առայժմ ո՛չ ընդդիմադիր ուժերը, ո՛չ էլ ջիհադիստական խմբավորումները չեն ստանձնել հարձակման պատասխանատվությունը, թեև նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարքն արձակվել է Հոմսից հյուսիս-արևմուտք ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններից: