
Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ, 2850-ին պետությունն ապահովել է կեցավայրով․ մանրամասներ

Այս պահի դրությամբ 20 270 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը. Դրանցից 2850-ին պետությունն ապահովել է կեցավայրով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Երեք օր կառավարության նախաձեռնությամբ գործում են Արցախից բռնի տեղահանված անձանց տեղաբաշխման կայաններ, քաղաքացիների հաշվառման գործընթաց է տեղի ունենում։ 20 270 անձ արդեն իսկ ստացել է հաշվառումը եւ տեղի է ունենում տեղաբաշխում: Պետությունը հոգացել է 2850 բռնի տեղահանված անձի կեցության հարց: Մասնավորապես, Գորիսում լուծվել է 615 անձի կեցության հարց, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171, Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19: Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ, Վայոց Ձորում ունենք 532, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268»,- ասել է Բաղդասարյանը: