ՆԱՏՕ–ն կմնա տարածաշրջանային դաշինք, որին կանդամակցեն եվրոպական երկրները. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) մտադիր չէ ընդլայնվել Եվրոպայի սահմաններից դուրս: Այս մասին ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է ТАСС–ը:

 

«ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք, միայն եվրոպական երկրները կկարողանան միանալ: ՆԱՏՕ-ն չի լինի գլոբալ դաշինք 5-րդ հոդվածի կիրառմամբ (կոլեկտիվ պաշտպանության սկզբունք)»,- ասել է Ստոլտենբերգը:

Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Եվրոպայից դուրս այլ երկրների հետ դաշինքի համագործակցությունը նա բացատրել է նրանով, որ անվտանգությունը գլոբալ, այլ ոչ թե տարածաշրջանային խնդիր է։ Յենս Ստոլտենբերգը պարզաբանել է, որ նման երկրների հետ համատեղ աշխատանքը չի նշանակում նրանց անդամակցություն ՆԱՏՕ-ին։ 

Նա նաև հերթական անգամ բացառել է ակտիվ ռազմական գործողությունների շրջանում Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հնարավորությունը։ 

Օգոստոսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ենթադրություն էր արել էր, որ Շվեդիան դաշինքին կմիանա այս աշնանը։ 2022 թվականի մայիսին, երբ Շվեդիան և Ֆինլանդիան դիմեցին ՆԱՏՕ-ին միանալու համար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց «ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի» հարկադիր պատասխան քայլերի մասին՝ ի պատասխան այս որոշման։

Քաղաքականություն