Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը. ՌԴ-ի պարտավորությունն է ԼՂ-ն պաշտպանելու՝ չի կատարվում

Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու, և դրանք չի կատարում։ Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արձագանքելով մեղադրանքներին, թե իշխանությունը փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները` Գրիգորյանը նշել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ վաղուց համագործակցում է, նրանք Ադրբեջանին սկսել են 5 միլիարդ դոլարի զենք վաճառել 2011 թվականից, և դա եղել է 12 տարիների ընթացքում։  

«Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն և Ռուսաստանի նախագահի ստորագրություն։ Այսինքն՝ այդ ստորագրությունից կարևոր բան կա՞։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պարտավորություն ունեն Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու․  նրանք այդ պարտավորությունը չեն կատարում»,- ասել է նա: 

Գրիգորյանն ընդգծել է՝ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղ վրա, սակայն ՌԴ խաղաղապահները գործողություններ չեն իրականացնում, հայտարարություն են տարածում, թե մի քանի րոպե առաջ են իմացել: 

«Իրականում սեպտեմբերի 4-ից սկսած միջազգային հանրությանը տեղյակ ենք պահել։ Գիտեք, որ վարչապետ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ իրավիճակը ամբողջությամբ նկարագրվել է։ Եվ նրանք ունեն պարտավորություն և դրանք պետք է դա կատարեն»,- ասել է ԱԽ քարտուղարը: 

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը, իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ պետք է քայլեր ձեռնարկի միջազգային հանրությունը։ Այս մասին հարցազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: 
 

«Առաջին հերթին Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ «գետնի վրա» նրանք ներկայություն ունեն, խաղաղապահներն այնտեղ են ու նրանց օգնությունը միայն բժշկական օգնությունը չէ, նրանք պետք է պաշտպանեն ԼՂ–ում ապրող հայերի անվտանգությունը` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,– ասել է նա։ 


Դիտարկմանը, թե ընդդիմությունը հենց ՀՀ իշխանությանն է մեղադրում, որ ՌԴ–ն ոչինչ չի ձեռնարկում, քանի որ Հայաստանը Հռոմի ստատուտ է պատրաստվում վավերացնել, ՆԱՏՕ–ի զորավարժություններ է անում, Կիև այցելում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. 
«Ձեր ասած բոլոր կետերը չկային մինչև 2021 թ–ի դեկտեմբեր, բայց միևնույնն է` ունեցել ենք հարձակում Սոթքի վրա»։ 
 

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։ 
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։ 


Ադրբեջանի հարձակումը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի այլ նաև Հայաստանի Հանրապետության վրա է։ Այս մասին եւս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց։ 
 

«Թիրախում նաև Հայաստանի Հանրապետությունն է, որովհետև ԼՂ–ում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում ՀՀ–ի վրա։ Դուք դա տեսել եք նաև 2020-ի նոյեմբերի 9-ին, երբ հարձակման ենթարկվեց կառավարական շենքը և այսօր էլ հրապարակում որոշ ուժեր արտաքին ուժերի աջակցությամբ փորձում են թիրախավորել Հայաստանի իշխանությանը»,– ասաց նա։