
ԼՂ պիտի կարգավիճակ ստանա, ՀՀ-ի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով. Արցախի նախագահ

Սեպտեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը: Հայտնում են ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից: Նիստի ժամանակ ելույթ են ունեցել թեկնածու առաջադրած խմբակցությունների ղեկավարները:
Սամվել Շահրամանյանն իր խոսքում կարևորել է նախագահի ինստիտուտը առկա մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից ու երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել է իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը:
Ծրագրային դրույթներից թեկնածուն առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը: Սամվել Շահրամանյանն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին:
«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:
Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։