
Կատրին Կոլոննան և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Օգոստոսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ, նշում է ՀՀ ԱԳՆ–ն:
Նախարար Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով, որ այն կարող է միջազգային հանրության աչքի առջև վերածվել իրական հումանիտար աղետի:
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի համար ստեղծված ծանրագույն պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր պակասը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Լաչինի միջանցքով լիարժեք և անխափան գործունեության ապահովման հրամայականը:
Նախարար Միրզոյանն անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված դիմումին: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարում մինչ օրս միջազգային գործընկերների, կառույցների կողմից բազում հասցեական ուղերձները և, արդեն 8 ամիս արգելափակված պահելով Լաչինի միջանցքը, խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմներն արդյունավետորեն օգտագործելու և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը»:
Իր հերթին, ֆրանսիացի նախարարը, ինչպես նշում է Ֆրանսիայի ԱԳՆ–ն, «վերահաստատել է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերականգնման, ինչպես նաև բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման իր կոչը»։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ իրականացնի Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված ժամանակավոր միջոցները, որոնք պարտադիր են։
Ֆրանսիացի նախարարը հայ գործընկերոջը վստահեցրել է Ֆրանսիայի լիարժեք մոբիլիզացիան Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար, որը 3 մլն եվրոյի հավելյալ ներդրում կկատարի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական ակցիայի համար։
Ի վերջո, երկու նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունում (EUMA) պարեկություն կատարելիս տեղի ունեցած միջադեպին: Ֆրանսիական կողմն իր մտահոգությունն է հայտնել այս միջադեպերի կապակցությամբ և լիովին աջակցել եվրոպական առաքելությանը։