ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում ճանապարհների սպասարկման որակը խայտառակ վատ է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ այն խնդիրներին, որոնք ինքն է արձանագրել: Նա նշեց, որ առաջին խնդիրը ճանապարհների սպասարկմանն է վերաբերում: 

 

«Ես զարմանքով և տհաճությամբ արձանագրեցի, որ ՀՀ-ում ճանապարհների սպասարկման որակը մեղմ ասած խայտառակ վատ է: Ըստ որում այստեղ կա սովորութային խնդիր: Բաներ կան, որ մենք նայում ենք ու չենք նկատում:

Եթե ձյուն է տեղում, բոլորիս նորմալ ռեակցիան այն է, որ ճանապարհը սպասարկող ընկերությունները պետք է դուրս գան ու սկսեն ձյունը մաքրել․ այստեղ զարմանալու բան չկա։ Վերջին տարիներին այդ ոլորտում որոշակի որակական փոփոխություններ են տեղի ունենում։ Իսկ եթե անձրև՞ է գալիս։ Ես ականատես եմ եղել, որ երբ անձրև է գալիս, անձրևաջրերը բերուկը բերում, ճանապարհի վրա են լցնում։ Մի օր, երկու օր ոչ մի բան տեղի չի ունենում։ Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը սպասում են ավելի կառուցողական անձրևի, որը կգա ու կմաքրի էդ բերածը։ Երրորդ իրավիճակը՝ ձյուն ու անձրև չի եկել, բայց ճանապարհի մաքրման մասին ոչ մեկը չի մտածում, որովհետև դրանով անցնում են բեռնատարներ։ Սահմանել ենք, որ ավազը պետք է փակ լինի, բայց բեռնատարների արանքից ավազը թափվում է, անիվների հետ է գալիս ավազ, քար, խիճ, քամին է բերում, և ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդ ճանապարհները պետք է ամենօրյա ռեժիմով մաքրել։ Ընդ որում, ես արձանագրել եմ, որ կառավարության ընդունած որոշումներում հենց այդպես էլ նախատեսված է՝ կա ճանապարհ սպասարկող ընկերություն, որ ամեն օր, անկախ եղանակից, պետք է մաքրի։ Այս հարցին մենք անդրադարձել ենք 2021-ին, երբ ասում էինք՝ նոր գներ ենք սահմանում, նոր որակի մրցույթ անում, որ ճանապարհը լինի մաքուր»,-ասաց Փաշինյանը:

 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն