Իսրայելցի մի խումբ ականավոր գործիչներ նախագահին խնդրել են կանխել ԼՂ-ում հումանիտար աղետը
Իսրայելցի մի խումբ նշանավոր ակադեմիկոսներ, լրագրողներ, մտավորականներ, րաբբիներ, արտիստներ, գործարարներ և ակտիվիստներ նամակ են գրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ խնդրելով նրան կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամը: Այդ մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը, գրել է «Լուրերը»։
Նրանք Լեռնային Ղարաբաղում 120,000 մարդու համար ակնհայտ և իրական վտանգ ներկայացնող հումանիտար լուրջ ճգնաժամի կապակցությամբ խոր մտահոգություն են հայտնել:
«Իսրայելի Պետությունը սերտ կապեր է պահպանում Ադրբեջանի հետ՝ պետություն, որը պատասխանատու է այս ճգնաժամի համար և ունի այն լուծելու կարողություն: Այդ կապերը պարտավորեցնում են Իսրայելի Պետությանը հստակ դիրքորոշում որդեգրել, այլ ոչ թե անգործության մատնվել»,- նշված է նամակում: Նրանք հավելել են՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է։
Նամակում ասվում է, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարելավվել են, ինչը մեծապես պայմանավորված է զգալի ռազմական աջակցությամբ, որն Իսրայելը ցուցաբերում է Ադրբեջանին, ինչն էլ որոշիչ գործոն է դարձել 2020 թվականի աշնանը ռազմական գործողություններում։
«Իսրայելի կողմից տրամադրված օգնությունը նշանակում է, որ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում՝ չմնալու կողմնակի դիտորդներ, ինչպես նաև դա մեզ տալիս է դրական ազդեցություն ունենալու կարևոր հնարավորություն: Մենք չենք կարող լռել, հատկապես հայ ժողովրդի հետ մեր պատմական ու բազմաշերտ կապի լույսի ներքո։ Ինչպես հրեաների պատմությունը, այնպես էլ հայերի պատմությունը կարող են վկայել քաղաքական արդարացումների մասին, որոնք օգտագործվում են թելից կախված կյանքերի առջև անգործությունն ու ապատիան արդարացնելու համար»,- ասված է նամակում:
Իսրայելցի գործիչները նախագահին խնդրել են՝ անձնական ուղերձով դիմել Ադրբեջանի գործընկերներին և նրանցից պահանջել անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը:
«Սա ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտությունում որևէ կողմ ընդունելու խնդրանք է, այլ պարզապես մարդասիրական կոչ՝ փրկելու վտանգի մեջ գտնվող կյանքեր և ապահովելու տեղաշարժի տարրական ազատություն և կյանքի համար բավարար պաշարներ»,- ասված է նամակում:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի առաջարկը սկզբում ընդունել, ապա մերժել են ԼՂՀ-ում. Коммерсантъ
Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրա...
Պահանջում ենք դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին նկատվում է Արցա...
Ադամ Շիֆը նամակ կգրի Բայդենին՝ Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը...
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է ԼՂ հարցով արտակարգ նիստ անցկացնել
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ հրատապ նիստ գումարի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք...