Պահանջում ենք դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ: Մասնավորապես՝
• Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է հղել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հայցով: Կարևոր է, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը:
• Ողջունելի է նաև ՄԱԿ-ի մի խումբ փորձագետների հայտարարությունը, որով ընդգծում են Լաչինի միջանցքի բացման և բոլոր անհատների անվտանգության, արժանապատվության ու բարօրության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:
• Ակնհայտ է, որ միջազգային հանրությանն ուղղված իմ վերջին ուղերձը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը մեծ արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում: Արդյունքում, տասնյակ առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են առկա իրավիճակին և ներկայացրել Արցախի իշխանությունների ու առաջատար փորձագետների գնահատականներն ու կոչերը ընթացող ցեղասպանության վերաբերյալ:
• Կարևոր փորձագիտական կարծիք ու հորդոր էր պարունակում նաև հայտնի ցեղասպանագետների հայտարարությունը, որը շեշտադրում է անհապաղ և վճռական գործողությունների անհրաժեշտությունը՝ կանխելու ցեղասպանությունը Արցախի ժողովրդի հանդեպ:
Իհարկե, այս և ավելի վաղ օրերին արվել են նաև այլ հայտարարություններ մի շարք միջազգային կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչների կողմից, որոնցում տեսանելիորեն աճում է միջազգային գործնական քայլերի կատարման հրատապության ընկալումը: Անշուշտ, ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ:
Մենք հորդորում և պահանջում ենք բոլոր հիմնական դերակատարներից չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի առաջարկը սկզբում ընդունել, ապա մերժել են ԼՂՀ-ում. Коммерсантъ
Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրա...
Ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել հայ ռազմագերիների լուսանկարները, ինչն անընդունելի է․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը X-ի (նախկինում՝ Twiter) իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ «Սո...
Ադամ Շիֆը նամակ կգրի Բայդենին՝ Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը...
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է ԼՂ հարցով արտակարգ նիստ անցկացնել
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ հրատապ նիստ գումարի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք...