ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարբառի շուրջ ծավալված խոսակցությունը՝ դարձավ սպանություն
Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողության օրը՝ օգոստոսի 5-ին, երբ գյումրեցիները զբաղված էին մոտ 11 հազար հյուրերով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության տարբեր անդամների հետ Գյումրիում էր, ուժային կառույցների ներկայացուցիչներն էլ լարված հսկում էին, որ որևէ միջադեպ չգրանցվի, սպանություն էր տեղի ունեցել Գյումրու «Չերքեզի ձոր» ռեստորան տանող ճանապարհին։
Սպանությունը ծագել էր այդ ռեստորանի երկու աշխատակիցների միջև Գյումրու բարբառի շուրջ։ Աշխատակիցներից մեկը, որը Մասիս քաղաքից է, աշխատել է «Ձկի ձորում», վարձով բնակվել Գյումրիում, սակայն հեգնել է տեղի բարբառը։ Մյուս աշխատակիցը, որը Գյումրիից է, մշտապես նեղվել է․ ընթացիկ խոսակցություններ ծավալվել են բարբառի շուրջ։
Դեպքի օրը գյումրեցի աշխատակիցը շատ է վրդովվել։ Սա նկատելով՝ ռեստորանի մենեջերը նրան տուն է ուղարկել, որպեսզի կրքերը չբորբոքվեն։ Սակայն զրույցը շարունակվել է աշխատանքից դուրս։
Ոստիկանությունն այսօր տեսանյութ է հրապարակել, մանրամասնելով, որ Մասիս խոշորացված համայնքի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս իրեն մասնակի մեղավոր է ճանաչել: Նրա նկատմամբ կալանքն է ընտրվել որպես խափանման միջոց։
Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ «Ձկի ձոր» ռեստորանի երկու աշխատակիցները օգոստոսի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, հիշյալ ռեստորանից քիչ հեռու՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի դիմաց, շարունակել են վիճաբանությունը, որին միջամտել է ռեստորանի գյումրեցի աշխատակցի՝ Ա․Մու․-ի մտերիմ ընկեր՝ 36-ամյա Ա.Սարդարյանը։ Ի դեպ, տվյալ աշխատակցի եղբայրը ևս մասնակցել է միջադեպին։
Ռեստորանի մյուս աշխատակիցը, որը Մասիս համայնքից է, աշխատանքից հետո հաշիվներ պարզելու է գնացել ռեստորանի մեկ այլ մատուցողի հետ։ Նա նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է գործընկերոջը՝ նրան պատճառելով աջ նախաբազկի վնասվածք, այնուհետ մեկ անգամ հարվածել է Ա․ Սարդարյանի կրծքավանդակի ձախ կեսի միջկողային հատվածին՝ հասցնելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։ Նա այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկել է Ա․Սարդարյանին, ինչից հետո դիմել է փախուստի։
Ա․ Սարդարյանը բնավ կապ չի ունեցել Գյումրու բարբառի շուրջ ծավալված խոսակցության հետ, նա փաստացի անմեղ զոհ է դարձել։