1 տոննա կոկաինի գործով նամակ Եվրոպական որոշ երկրների. ինչ պատասխանի է սպասում ԱԱԾ-ն. «Ժողովուրդ»
Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, և կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկային ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հավելում․ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է»։






























