Քաղաքականություն

Ինչ է պահանջում ԵՄ-ն Վրաստանից. աղմկահարույց հայտարարություն

Ինչ է պահանջում ԵՄ-ն Վրաստանից. աղմկահարույց հայտարարություն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրամիությունն անվիզա ռեժիմի պահպանումը պայմանավորում է Թբիլիսիի կողմից մի շարք պահանջների կատարմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալով։ «Մեզ ասում են՝ եթե ուզում ենք անվիզա ռեժիմ ունենալ, պետք է պատժամիջոցներ սահմանենք Ռուսաստանի դեմ, այսինքն՝ ինքնասպանություն գործենք։ Եթե մենք մեզ կործանենք ու քանդենք, էլ ո՞վ է առանց վիզայի մեկնելու Եվրամիություն»,- ասել է Պապուաշվիլին։ Նրա խոսքով՝ Բրյուսելը նաև պահանջում է Վրաստանի վիզային քաղաքականությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին։


Վրաստանի հետ անվիզա ռեժիմի սահմանափակման մեխանիզմն արդեն պատրաստ է։ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին ուժի մեջ մտած անվիզա ռեժիմի կասեցման նոր կանոնների համաձայն՝ ԵՄ-ն հնարավորություն է ստացել սկզբում սահմանափակել դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների վիզային արտոնությունները, իսկ որոշակի պայմանների դեպքում այդ միջոցները տարածել նաև երկրի մնացած քաղաքացիների վրա։


Վերջին տարիներին Թբիլիսիի և Բրյուսելի միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են։ Անցյալ տարվա նոյեմբերին հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը նշել էր, որ Վրաստանը զգալի հետընթաց է ապրել ԵՄ հանձնարարականների կատարման հարցում։ «Իշխանությունների համակարգված ճնշումները՝ ներառյալ քաղաքացիական դաշտն ու հիմնարար իրավունքները սահմանափակող օրենսդրությունը, անկախ լրատվամիջոցների գործունեության խոչընդոտումը, ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչների հալածանքները, իրավապահների կողմից ուժի չափից ավելի կիրառումն ու ԵՄ հասցեին հնչող թշնամական հռետորաբանությունը, կտրուկ հակասում են Եվրամիության արժեքներին և այն քայլերին, որոնք ակնկալվում են ԵՄ անդամության թեկնածու երկրից»,- ասված է փաստաթղթում։


Զեկույցի հրապարակումից հետո Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ ներկայիս կուրսը պահպանելու դեպքում Վրաստանը, ըստ էության, ԵՄ անդամակցության ճանապարհին առաջընթացի իրական հեռանկար չունի։ Նրա խոսքով՝ եթե իրավիճակը չփոխվի, երկիրը թեկնածուի կարգավիճակ կունենա միայն ձևականորեն։ Մինչդեռ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին DW-ին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ երկիրը կկարողանա անդամակցել դաշինքին մինչև 2030 թվականը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250