Ադրբեջանում 30 տարի առաջ հեղաշրջում կազմակերպած Սուրետ Հուսեյնովը մահացել է ստամոքսի արյունահոսությունից

Մահացել է Ադրբեջանում 30 տարի առաջ հեղաշրջում կազմակերպած Սուրետ Հուսեյնովը։ Ադրբեջանի նախկին վարչապետի մահվան պատճառը դարձել է ստամոքսի արյունահոսությունը, որը ծանր ու երկարատև հիվանդության հետևանք էր: 

 

Սուրեթ Հուսեյնովն իրեն վատ է զգացել Ստամբուլի օդանավակայանում և հոսպիտալացվել։ Նա մահացել է հուլիսի 31-ին, Ստամբուլի հիվանդանոցում 64 տարեկանում։

 

Նշենք, որ Սուրետ Հուսեյնովը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում: ​

 

1993 թվականին նա Գյանջայում առաջնորդել է զինված հեղաշրջումը, որի արդյունքում Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը գահընկեց է արվել:

Բաքվում իշխանությունը ստանձնած Հեյդար Ալիևը 1993 թվականին Հուսեյնովին նշանակել է վարչապետ:

 

1994 թվականի հոկտեմբերին նա ևս մեկ ապստամբություն է սկսել: Նախագահ Ալիևը նրան մեղադրել է հակապետական գործունեության համար:

Հուսեյնովին հեռացրել են վարչապետի պաշտոնից և զրկել են ազգային հերոսի կոչումից: Հուսեյնովը տեղափոխվել է Ռուսաստան, ավելի ուշ նրան արտահանձնել են:

 

Ադրբեջանում նրան դատապարտել են ցմահ ազատազրկման, սակայն հետագայում ներում են շնորհել: Վերջին ժամանակաշրջանում նա բուժման նպատակով գտնվել է Թուրքիայում:

Քաղաքականություն