Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ նիստը փակ ձևաչափով կանցկացվի. ԶԼՄ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ, կանցկացվի փակ ֆորմատով` առանց ուղիղ հեռարձակման։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը թույլ է տվել Տոնոյանին մասնակցել հանձնաժողովի նիստին։ Նա խորհրդարան է գնալու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ։ Նիստերը կայանալու են օգոստոսի 1-ին և 2-ին։

 

Նշենք, որ ամիսներ առաջ նախկին նախարարը հայտարարում էր, որ կհամաձայնի մասնակցել հանձնաժողովի նիստին ու պատասխանել հարցերին, եթե այն անցկացվի բաց ֆորմատով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:

 

«Գուցե մտափոխվել է Փաշինյանի մասնակցությունի՞ց հետո։ Ոմանք չեն բացառում, որ այսպիսով նա փորձում է մեղմել իր նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը և առճակատման չգնալ Փաշինյանի հետ»,– գրում է թերթը։

 

Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

 

Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։

 

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: