Ադրբեջանի կողմից հայհոյանքներն ամեն օր էլ լինում են, մենք էլ իրենց ենք պատասխանում․ Խնածախի ղեկավար

Այս հունվարից սկսած՝ 15 ընտանիք է գյուղը լքել, պատճառն աշխատանքի բացակայությունն է: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի ղեկավար Սեյրան Միրզոյանը։ 

 

Մինչև 44-օրյա պատերազմը գյուղի բնակիչներն իրենց ապրուստը հոգում էին անասնապահությամբ, սակայն 44-օրյայից հետո, երբ հայկական զորքերը հետ քաշվեցին իրենց դիրքերից, ադրբեջանցիները հայտնվեցին գյուղի տներից 100-200 մետր հեռավորության վրա։ Գյուղն էլ կորցրեց իր արոտավայրերը, ինչը լուրջ խնդրի առաջ կանգնեցրեց գյուղացիներին։

 

«Արոտավայրեր իմ վարչական տարածքը չունի, մարդիկ ձմռանը չեն կարողանում խոտ առնել, որովհետև իրենց վաճառած կաթի արժեքին տուկի գինը չի համապատասխանում։ Կաթի լիտրը 130 դրամ է, դրա համար մարդիկ այսօր հաշվարկել են, որ իրենց ձեռք չի տալիս»,- ասել է Միրզոյանը։

 

Լրատվամիջոցը նշում է, որ պատերազմից հետո գյուղի անասնաքանակը կրճատվել է ուղիղ 50 տոկոսով։ Հիմա էլ գյուղացիներից շատերը փորձում են վաճառել խոշոր եղջերավոր անասունները, սակայն գնորդ չկա՝ օրական 15-20 լիտր կաթ տվող կովի համար 300-350 հազար դրամ վճարող էլ չկա։ Խնածախը չնայած գազիֆիկացված է, սակայն գյուղի բնակիչների սոցիալական վիճակը թույլ չի տվել գազ ունենալ, ընդամենը մի քանի տուն կա, որ կարողացել է իրեն այդ հաճույքը թույլ տալ։ Ձմռան ցուրտը լուրջ խնդիր է դարձել խնածախցիների համար․ ստիպված են եղել իրենց բակերի, այգիների ծառերը կտրել՝ ձմռանը ցրտից չսառչելու համար։ Եկող ձմեռը գյուղի բնակիչների համար իսկական արհավիրք է դառնալու։

 

«Գյուղը 100 տոկոսանոց վառելափայտի խնդիր ունի, մարդիկ իրենց բախչեքը, ինչ ունեն-չունեն՝ կտրված, վառված է, էլ պահուստային ոչ մի բան չունենք։ Այս պահի դրությամբ՝ բնակիչների հետ շփման ժամանակ նշում են, որ մնալու հնարավորություն չունեն»,- ասել է Միրզոյանը։

 

Դաշտավարությունը չնչին տոկոս է կազմում, ու հատկապես այս տարվա անբարենպաստ եղանակի պատճառով հացահատիկի բերքի կեսը փչացել է։ Կառավարությունից սուբսիդիա են տրամադրել գյուղի բնակիչներին, եթե բնակիչն իր սերմացու ցորենն է մշակել իր հողում, հեկտարի դիմաց պետությունը վճարել է 70 հազար ՀՀ դրամ, իսկ եթե ցորենը գնել են, ապա կգ-ն՝ 120 դրամ։

 

«Գյուղն արդեն դատարկվում է։ Անցած տարի 155 տուն կար գյուղում, այս պահին 130-քանիսն է, ու ինձ տեղեկացրած ընտանիքներից, եթե տվյալները ճիշտ են, մինչև ձմեռը մի տասը ընտանիք էլ կհեռանա գյուղից։ Մարդիկ ասում են ու գնում»,- ասել է Սեյրան Միրզոյանը։

 

Իրավիճակը՝ առանց խախտումների, դեռևս պահպանվում է, իսկ թշնամու զինվորականների կողմից սադրանքներ անընդհատ լինում են։ Մարդիկ կան, ովքեր արդեն սովորել են դրանց՝ շարունակում են ապրել։

 

«Հայհոյանքները՝ մերոնց ուղղված, ամեն օր էլ լինում են, մենք էլ իրենց ենք պատասխանում։ Ավելի լուրջ սադրանքներ էլ են լինում, նայած իրենց օրվա տրամադրությանը։ Կա օր, որ լուրջ անշնորհքություններ են թույլ տալիս, կա օր՝ որ ավելի անլուրջ։ Մարդկանց, անասնապահին, սահմանապահին հայհոյելու, նրանց ուղղությամբ կրակելու՝ լինում են նման բաներ, դա արդեն սովորական է դարձել։ Ովքեր լուրջ վախեցող են, արդեն վաղուց գնացել են։

 

Հավատացած եղեք, որ դրանց սալդատի անշնորհքությունից վախեցող չունենք, բայց իրենք են վախեցած` փորձում են մարդկանց իրենց անշնորհքություններով հունից հանել, անընդհատ հրահրել։ Պատկերացրեք՝ իրենք հրահրում են, որ դու պատասխանես, քո պատասխանը նկարահանում են ու ուղարկում իրենց ղեկավարությանը։ Այ, էդ կարգի անշնորհքներ են»,- ասել է Միրզոյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Քաղաքականություն