ՀՀ-ն ինչ քայլ է ձեռնարկում օդային ճանապարհով Արցախ օգնություն հասցնելու համար․ Կառավարությունից պատասխանել են

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առաջին իսկ օրվանից Հայաստանի արտագործնախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ՝ վերջիններիս մանդատների շրջանակներում միջանցքի արգելափակումը վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ փոխանցել են Հայաստանի կառավարությունից։

 

Կայքը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե Հայաստանը որևէ կոնկրետ քայլ ձեռնարկո՞ւմ է ԼՂ-ի հայերին օդային ճանապարհով օգնություն հասցնելու համար՝ ՄԱԿ-ի պարենի հարցերով գործակալության կամ ռուս խաղաղապահների միջոցով, քանի որ մեկ ամսից ավելի է Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել և սննդի խիստ պակաս կա։

 

Կառավարությունից նշել են, որ մասնավորապես, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) թե՛ երևանյան, թե՛ տարածաշրջանային գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են վերջիններիս իրավասությունների շրջանակներում արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: ​ ​

 

Ըստ գերատեսչության՝ հարցը քննարկվել է նաև ապրիլին կայացած ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Կորին Ֆլեյշերի՝ Երևան այցի շրջանակներում:

 

Այս համատեքստում կառավարությունից շեշտում են՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ:

 

«ՀՀ ԱԳՆ համակարգմամբ ՊՀԾ ղեկավարության հետ անմիջական կապի մեջ են նաև ՀՀ այլ պատասխանատու գերատեսչությունները: Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի սահմանված կարգով», - ասված է Կառավարության պատասխանում։

 

Նշենք, որ անցած շաբաթ Կառավարության նիստի ժամանկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին խնդիրը Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է՝ շեշտելով՝ այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։

Քաղաքականություն