
ԱՄՆ-ում ՆԱՍԱ-ն կորցրել է կապը տիզերագնացների հետ․ դիմել են ռուսական կողմին

ԱՄՆ տիեզերական գործակալությունը (NASA) ժամանակավորապես կորցրել է կապը Միջազգային տիեզերակայանի հետ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների պատճառով։ Օգնության է հասել Ռուսաստանը, որը միջնորդ է դարձել Հյուսթոնի և տիեզերագնացների միջև։ Այս մասին հայտնել է ամերիկյան գործակալությունը։
«Այսօր առավոտյան ․․․ մենք խնդիրներ ունեինք Հյուսթոնում ՆԱՍԱ-ի թռիչքների կառավարման կենտրոնի էլեկտրամատակարարման հետ, և մենք կորցրինք հրամանատարությունն իրականացնելու ունակությունը, ներառյալ ձայնային կապը և հեռաչափական տվյալներ ստանալը, խնդիրը կայանի հետ չէր, այն ամբողջությամբ կատարվել է Երկրի վրա»,- հայտնել է ՆԱՍԱ-ի Միջազգային տիեզերական կայանի ծրագրի ղեկավար Ջոել Մոնտալբանոյը։
Խնդիրը բացահայտելուց 20 րոպե անց ՆԱՍԱ-ի մասնագետները կարողացել են կայանի հետ կապ հաստատել ռուսական կապի համակարգերի միջոցով։ Անձնակազմին պատմել են կատարվածը։ Տիեզերագնացներին վտանգ չի սպառնում, ինչպես և բուն կայանին։ ԱՄՆ առաքելության կառավարման կենտրոնը փոխանցվել է պահեստային էներգիայի աղբյուրներին, այժմ այնտեղ հետաքննվում է խնդրի պատճառները։