Մոսկովյան բանակցություններին ընդառաջ ԼՂ նախագահը կոչով դիմել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին՝ 2023 թ. հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանն ընդառաջ:
Կոչի տեքստը՝ ստորև.
«Կրկին ահազանգում եմ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 225-օրյա շրջափակման, այդ թվում՝ 40-օրյա լիակատար պաշարման և դրա հետևանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի անհապաղ վերացման անհրաժեշտության մասին:
Խստագույնս դատապարտելի է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման, կողմերի միջև փոխվստահության միջավայրի ձևավորման փոխարեն Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքական օրակարգի իրականացման հիմնական գործիքներից են Արցախի Հանրապետության շրջափակումն ու արդեն լիակատար պաշարումը, կենսական ենթակառուցվածքների շարունակական խափանումը և անթաքույց ցեղասպանական քաղաքականության վարումը:
Ընդգծում եմ, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների: Պատերազմից հետո Արցախի ժողովուրդը հավատացել է Եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ վերադառնալով հայրենի տներ ու ձեռնամուխ լինելով կյանքի վերականգնմանը:
Լիազորված իմ ժողովրդի կողմից տրված իշխանության մանդատով՝ պահանջում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն Եռակողմ հայտարարությամբ դրա Կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում: Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները:
Ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին Եռակողմ հայտարարության կողմերի կողմից անհապաղ կերպով չկարգավորվելու դեպքում վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասն ընկնում է հենց նրանց վրա։
Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»,- ասված է կոչում:
Նմանատիպ հոդվածներ
«Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ԼՂ պաշարումը դադարեցնելու համար». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականում՝ «Հայաստան. «Միջազգային հանրությունը պետ...
Վաղը կկայանա Լավրով-Միրզոյան- Բայրամով հանդիպումը
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և երկկողմ բանակցություններ ՌԴ արտաքին գործերի նախ...
Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի...
Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռի մուտքը ԼՂ, այս գործելակերպն անընդունելի է. Փաշինյան
Մենք խնդրել ենք, որ ՌԴ խաղաղապահ զորքի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամի...