![Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ. Միրզոյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/a28036c032189e405c5ec0bb05a008f6.webp)
Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ. Միրզոյան
![Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ. Միրզոյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/a28036c032189e405c5ec0bb05a008f6.webp)
Մեր այսօրվա քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը. Առանձնահատուկ կերպով կարևորել ենք Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Թեհրանում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ: Նա նաեւ նշել է.
«Իմ գործընկերոջն եմ ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը:
Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում մեզ համար առանցքային են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հստակ սահմանների վերահաստատումը, սահմանազատման և սահմանային անվտանգության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման համար:
Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի և դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան։
Այսօր մենք ականատես ենք լինում նրան, ինչի մասին նախազգուշացնում էինք յոթ ամիս առաջ. Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ էական, շոշափելի մարդասիրական ճգնաժամ է: Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն ի դեպ վերահաստատվեց հուլիսի 6-ին։
Պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։
Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական և իրանական կողմի հստակ և բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ»: