«Մուլտի գրուպի» տնօրենն ու ընտանիքի անդամները դատախազություն են հրավիրվել․ մանրամասներ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազություն են հրավիրվել Սեդրակ Առուստամյանը, նրա կինն ու որդին՝ Վարդիթեր Խաչատրյանն ու Գարիկ Առուստամյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության azdarar.am կայքից։
Սեդրակ Առուստամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենն է 2002-ից։
Ծանուցման մեջ նշվում է, որ վերջիններիս պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Ըստ դատախազության՝ Առուստամյանները դատախազություն կարող են ներկայանալ ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր, սակայն միաժամանակ նշում է, որ ներկայանալ անհրաժեշտ է 2023-ի օգոստոսի 3-ին։
Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Առուստամյանի անունը կապվում է 3 քրեական գործերի հետ։ Մեկն առնչվում է Երևանի կենտրոնում ընկերության ձեռնարկած շինարարությանը․ Աբովյան փողոցի վրա «Մուլտի գրուպը» 2018-ին սկսել էր հյուրանոց կառուցել։ Եվ երբ այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը շինարարությունը չէր դադարեցրել։ Առուստամյանը այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։
Հաջորդ քրեական գործն առնչվում է «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրի հետ։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ առնչվող ընկերության ղեկավարը այս գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:
Առուստամյանը նաև անցնում է ընտրակաշառքի գործով։ Նա երեք գործով էլ մեղադրանքը չի ընդունում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...