Գիշերվա 2-ին արնահոսելով հասա հիվանդանոց, Գաբրիելս մահացավ․ արնախում բլոկադայի չծնված զոհը

Հիշելով ողբերգական այդ գիշերը՝ արցունքները կոկորդում խեղդելով հազիվ է արտաբերում Անին բառերը․ 

 

«Շտապօգնության հետ կապի դուրս գալ չէի կարողանում, գիշերվա երկուսն էր, մի կերպ եմ հասել հիվանդանոց, վեց ամսական հղի.... երեխայիս փրկել չկարողացանք»։ Այս մասին գրում է MediaHub-ը։

 

Դեռ չծնված երեխայի մահն արձանագրվել է Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքով։  


23-ամյա Անին, որ այդ գիշեր կորցրեց իր Գաբրիել հրեշտակին, լրատվամիջոցի միջոցով դիմում է ողջ աշխարհին․ 

 

«Մի՛ լռեք, ամեն ինչ արեք, որ դեռ չծնված երեխաները մայրերի սրտի տակ չմահանան, մի՛ լռեք»։

 

Անիի պատմելով՝ երեխայի վիճակը սկսել է վատանալ, երբ երթուղայինի, մեքենայի բացակայության պատճառով չի կարողացել գնալ հերթական ստուգումների։

 

«Տրանսպորտ չկար, գիշերվա երկուսին մի կերպ եմ հասել հիվանդանոց, բայց արդեն արնահոսելով։ Զանգում էինք շտապօգնություն, մի կերպ կապի դուրս եկան, երեւի արդեն շատ ուշ էր։ Մինչեւ Հաթերքից հասանք Ստեփանակերտ՝ 2 ժամ տևեց, արդեն շատ ուշ էր»,-պատմում է նա

Անին, որ 2 տարի շարունակ հղիանալ չէր կարողացել, Գաբրիելի անունը պատահական չէր որոշել։

 

«2 տարի շարունակ չէի կարողանում հղիանալ։ Երազիս Աստծուն տեսա, ասաց, որ չմտածեմ՝ ինձ անպայման երեխաներ կտա, բայց բոլորի անունները «Գ» տառով պիտի սկսվի։ Առաջին որդուս անունը դրեցինք Գոռ, երբ իմացանք երկրորդն էլ է տղա, որոշեցինք, որ նա էլ կլինի Գաբրիելը»,- ասում է Անին ու շշնջում՝ որոշումը դարձավ երազանք, որ երբեք այլևս չի կատարվի։

 

Իր մյուս որդին՝ Գոռը, 2,5 տարեկան է, մանկապարտեզ է հաճախում։ Անին պատմում է, որ փոքրիկի համար առաջին անհրաժեշտության ապրանքներ այլևս ոչ մի խանութից ձեռք բերել չեն կարողանում՝ չկա, գոյություն չունի։

 

«Ինչ կա տներում, դրանով ենք ապրում։ Հողամաս ենք մշակել, մի կերպ ենք սնունդն ապահովում։ Խանութներում էլ բան չես գտնի»,-ասել է նա։

 

Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը արդեն 222 օր է ադրբեջանական շրջափակման մեջ է, ավելի քան 35 օր՝ ամբողջական պաշարման մեջ՝ սովի ու հիվանդությունների սպառնալիքի առջև։ Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ գյուղում վիճակն օրհասական է։ 

 

«Ժողովրդի վիճակն ահավոր է, դեղորայքի, վառելիքի, ուտելիքի հարցը չի լուծվում։ Դեղորայքի բացակայության պատճառով հիվանդները ծայրահեղ վիճակում են։ Մոտ մեկ շաբաթ առաջ մի կերպ կարողացել են ծննդկանի կյանքը փրկել, ցավոք՝ երեխան մահացել է»,- նկատի ունենալով Անիին՝ ասում է նա։ 

 

Հաթերքի գյուղապետը պատմել է, որ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետեւանքով եռապատկվել են ինֆարկտի դեպքերը։ 

 

«Մոտ մեկ շաբաթ առաջ 45 տարեկան մի տղամարդ մահացավ, բազմազավակ երեխաների հայր»,- ասել է նա։ 

Քաղաքականություն