
Արցախում մեկնաբանել են Ասկերան-Աղդամ ճանապարհը փակելու քայլը

Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը․ նպատակն է ցույց տալ, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի Անվտանգության զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանն անդրադարձել է շարժման երիտասարդական թևի և մի խումբ արցախցիների կողմից հուլիսի 18-ին Ասկերան-Ակնա ճանապարհն արգելափակելու բողոքի ակցիային:
«Մենք հստակ նշել ենք որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ․ Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Հայաստանի հետ։ Մեր հիմնական պահանջների մեջ առաջնային է մնում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը»,-ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում որպես կարճաժամկետ և հրատապ լուծում պահանջում են հումանիտար օդային միջանցքի տրամադրում։
Նշենք, որ Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին վերջերս խոսում են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես դրա մասին խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ աշխատանքային մի շարք հանդիպումների ընթացքում։ Այդ ճանապարահն օգտագործելու հնարավորության մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը։