Չարաչար սխալվում են, եթե մտածում են, թե Արցախի կործանումից հետո Երևանում նստելու և չայ ու կոֆե են խմելու. Բաբայան

Պաշտոնական Երևանի հայտարարություններն իսկապես սարսափելի հարված են հասցրել առաջին հերթին Արցախին։ Կարծում եմ, որ այդ վտանգը հետագայում սպառնալու է նաև ամբողջ հայությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ԱՀ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությանը։

 

Հիշեցնենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հուլիսի 15-ին հանդիպում էր Իլհամ Ալիևի հետ՝ ՌԴ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ 2022թ. հոկտեմբերին եւ 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի տարածքի, ինչը, նրանց ձևակերպմամբ, արմատապես փոխել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության հիմնարար պայմանները։ Հայտարարության համաձայն՝ այդպիսով փոխվել է նաև ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից կոչ էին արել, այս պարագայում, Արցախի բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չդնել երրորդ երկրների վրա։

 

«Խնդիրն այն է, որ սկսում են մեկնաբանություններ անել ու դա մեր «աչքը կոխել»՝ սկսած Միշելից մինչև չգիտեմ որտեղից՝ այդ թվում նաև ՌԴ-ից։ Ինչ-որ տեղ այդտեղ ճիշտ բան կա, երբ ռուսները որ եկել են, (Արցախը- խմբ.) ճանաչվա՞ծ էր որպես Ադրբեջանի մաս, իհարկե ո՛չ։ Հիմա ի՞նչ պիտի անենք, ասեք։ Դրա համար որևէ մեկին, երբևիցե չպետք է մեղադրել։ Մեր բազմահազարամյա պատմության մեջ ինչ մեզ հետ եղել է, ամեն ինչի մեղավորը մենք ենք»,- ասել է նա։

 

Բաբայանի խոսքով՝ Արցախում նախաձեռնված ու անցկացվող ակցիաներն ուղղված են ամբողջ աշխարհին, այդ թվում նաև ՌԴ-ին։ Բայց դա չի նշանակում, որ դրանցում պահանջն ուղղված է եղել միայն ռուսական կողմին։

 

«Ես հասկանում եմ, որ հայ հասարակության մեջ կան մարդիկ, ում կյանքի նպատակն է պայքարելը Ռուսաստանի դեմ։ Զզվեցրին դրանք մեզ արդեն։ Փոխանակ պայքարեն ազգի շահերի համար՝ չգիտես ինչ աննորմալ բաների հետևից են ընկնում։ Դրանց հետևից ընկնողները բերելու են այնպիսի իրավիճակի, որ փառք եք տալու այն իրավիճակին, որում արցախը հայտնվել է հիմա։ Բայց սա այլ խնդիր է արդեն»,- ասել է նա։

 

Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարությանը՝ Բաբայանն ասել է, որ դա արվել է՝ հաշվի առնելով իրենց իսկ շահերը՝ Բաքվի հետ հարաբերություններում։ Այս համատեքստում, մեր զրուցակիցը շեշտեց՝ Եվրոպական Խորհուրդը հեռու է ժողովրդավարության ու մարդու իրավունքների գաղափարախոսությունից։ Եվրոպայի նպատակն այդպիսով Ռուսաստանի դուրսբերումն է տարածաշրջանից։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի բանակցություններից հետո Եվրոպայի խորհրդի նախագահը ողջունել էր Ադրբեջանի արած առաջարկը՝ դեպի Արցախ Աղդամի կողմից բեռնափոխադրումներ կատարելու վերաբերյալ՝ միևնույն ժամանակ որևէ պահանջ չներկայացնելով Ադրբեջանին՝ Հաագայի դատարանի որոշման համաձայն, Բերձորի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ։


«Ասում է, որ պետք է նստեն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ «նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքում ապրող հայերը»։ Չհասկացանք։ Եվ այս ամենը հայ կոչեցյալ հասարակության լիակատար պասիվության ներքո։ Դե գնացեք։ Եթե որևէ մեկը գիտի, թե Արցախի կործանումից հետո Երևանում նստելու են «չայ ու կոֆե խմեն», չարաչար սխալվում են։ Արյուն են խմելու, արյուն»,- ասել է նա։


Այս համատեքստում ԱՀ նախագահի խորհրդականը հատկապես վտանգավոր համարել է նաև Միշելի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ 86.600 քկմ տարածության» շեշտումը։

 

«Ես չեմ հասկանում, թե ինչու հայ հասարակությունը չի գնում և այդ ԵՄ-ի ներկայացուցչությունն Արցախի օրը չի գցում, շրջափակում և պաշարում։ Ինչո՞ւ այնպես չեն անում, որ մի օր էլ չկարողանան անգամ զուգարան գնալ, որ տեսնեն՝ իրավիճակն ինչպես է։ Բայց, որ ռուսները լինեին, որոշ մարդիկ կճղեին իրենց։ Պետք է գործել։ Փաստորեն նա Արցախը կոչում է Ադրբեջանի տարածք։ Փորձ է անում, ուզում է... Ինչո՞ւ են ուզում, որովհետև իրենք չեն ուզում, որ Արցախը մնա։ Իրենց նպատակն Արցախի կործանումն է՝ իրենց աշխարհաքաղաքական զզվելի ու այլասերված պատկերացումների ներքո»,- ասել է Բաբայանը։

 

Ստեղծված իրավիճակում, Բաբայանը խնդրի լուծումը տեսնում է միայն հայության համախմբվածությամբ։ Իր խոսքով՝ անտարբերությունը անդառնալի հետևանքների կարող է հասցնել՝ ինչպես դա տեղի ունեցած 20-րդ դարասկզբին՝ Առաջին հանրապետության կործանման ժամանակ ու կարող էր կրկնվել Արցախյան Առաջին պատերազմի ժամանակահատվածում։


«Հետո չլացեք ամեն տեղ, թե ինչու այսպես ստացվեց։ Մեղավորը մենք ենք։ Մենք ասելով նկատի ունեմ այն մասսային, որն ինքն իրեն կոչում է հայ, բայց իրականության մեջ չգիտես, թե ինչ է։ Պետք է ճիշտ աշխատել։ Մենք դեռևս շանս ունենք փրկելու Արցախը։ Հետո չենք կարողանալու որևէ բան անել։ Պարզապես ապացուցվելու է մի շատ վտանգավոր թեզ, որ հայ ազգն ի վիճակի չէ պետություն կառուցել»,- եզրափակել է նա։