ՀՀ-ից առևանգված հայ զինծառայողները զրկվել են հարազատների հետ տեսակապով շփումից․ ԶԼՄ

Բաքվում 11,5 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Հովագիմյանը և Կարեն Ղազարյանը զրկվել են տեսակապի միջոցով իրենց ընտանիքների հետ շփվելու հնարավորությունից, «Հրապարակ»-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

 Նա մանրամասնել է, որ վերջին անգամ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող հայերին այցելել են հունիսի վերջին-հուլիսի սկզբին։ 

 

«Ինչ վերաբերում է տեսաուղերձներին կամ հեռախոսազանգերին, նամակներին, իհարկե, այս ամենն անելու հնարավորություն է տրվել բոլորին՝ բացառությամբ վերջերս գերի ընկած երկու հայերի»,- ասել է Ամատունին։ Նա պարզաբանել է, որ մայիսի 26-ին ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին հնարավորություն է տրվել իրենց ընտանիքների հետ շփվել միայն նամակների տեսքով՝ ԿԽՄԿ-ի միջոցով։ 

 

Ամատունին նշել է, որ իրենք Բաքվի իշխանությունների հետ ճշտում են այս սահմանափակման պատճառը, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ թեմաներ են քննարկվում և կոնկրետ ում հետ։ Նա նշել է նաև, որ նամակների փոխանակումը նախապայման է, սակայն մեղադրող կողմն է որոշում՝ բանտարկյալները կարո՞ղ են տեսազանգով կամ հեռախոսազանգով շփվել իրենց ընտանիքների հետ, թե՞ ոչ։ Հայաստանում ադրբեջանցիների հետ Հովագիմյանի և Ղազարյանի հնարավոր փոխանակման վերաբերյալ Ամատունին ասել է.

 

«Մեր մարդասիրական, չեզոք և անաչառ մանդատը թույլ չի տալիս պատասխանել նման հարցերի»:

 

Հուլիսի 7-ին Սումգայիթի դատարանը  ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հովագիմյանին և Ղազարյանին դատապարտել էր 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։


 

Քաղաքականություն