![Թուրքիայում տպվող նոր քարտեզներով ամբողջ Սյունիքը «Զանգեզուրի միջանցք» է․ թուրքագետ](https://auroranews.am/storage/img/base_image/old/e9d1171f69ca7a7a87efb080720f2983.webp)
Թուրքիայում տպվող նոր քարտեզներով ամբողջ Սյունիքը «Զանգեզուրի միջանցք» է․ թուրքագետ
![Թուրքիայում տպվող նոր քարտեզներով ամբողջ Սյունիքը «Զանգեզուրի միջանցք» է․ թուրքագետ](https://auroranews.am/storage/img/base_image/old/e9d1171f69ca7a7a87efb080720f2983.webp)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե 2025 թ․-ին ռուս խաղաղապահները պետք է հեռանան «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից»:
Ըստ նրա՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է Ղարաբաղում տեղակայված լինի 5 տարի։
«2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա այդ տարածքից: Այդ է գրված համաձայնագրում, և ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի դրա պահանջը»,- ասել է Էրդողանը։
Ինչո՞ւ է Էրդողանը միջամտում հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ ի՞նչ կարելի է տեսնել այս հայտարարության ներքո։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը MediaHub-ի հետ զրույցում նկատել է՝ Էրդողանը ցույց տվեց, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որ ռուս խաղաղապահները գոնե 2025թ․-ից հետո չմնան տարածաշրջանում։ «Կարեւոր է այս հանգամանքը իր համար։ Հիմա տեղի է ունենում Թուրքիայի քաղաքականության փոփոխություն՝ ուղղությունը դեպի Արեւմուտք։ Նրանց քաղաքականության մեջ հակառուսականություն է նկատվում, դրանով Էրդողանը ցույց է տալիս Արեւմուտքին, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ռուսները չմնան Արցախում եւ ավելի շուտ լքեն տարածաշրջանը։ Նրանք դա անում են Ադրբեջանի սադրանքների միջոցով»,-ասել է թուրքագետը։
Դրանից հետո արդյո՞ք Արցախի ժողովրդի անվտանգության համար միջազգային մեխանիզմներ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների հեռանալուց հետո, թուրքագետը բացառում է․
«Ես չեմ կարծում, քանի որ միջազգային երաշխիքների համար Ադրբեջանը պետք է թույլ տա, իսկ Ալիեւը համաձայնություն չի տա»։ Թուրքագետը կարծում է, որ ստեղծվելու է այնպիսի իրավիճակ, որ Արցախի ժողովուրդը հարկադրված ինտեգրվելու է ադրբեջանական հասարակությանը․ «Այդպիսով Ադրբեջանի համար հնարավորություն կստեղծվի Արցախում էթնիկ զտումներ իրականացնել»։
Խոսելով ճանապարհների ապաշրջափակումից՝ Սաֆրաստյանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը թեպետ Հայաստանը չի ընդունում, բայց դա գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ «Ադրբեջանը եւ Թուրքիան, երբ ասում են՝ «Զանգեզուրի միջանցք», նրանք միայն միջանցքը չէ, որ նկատի ունեն։ Նրանք նկատի ունեն նաեւ ամբողջ Սյունիքը։ Թուրքիայում տպվող քարտեզների վրա «Զանգեզուրի միջանցք» գրում են ամբողջ Սյունիքի վրա»,-ասել է նա։
Անդրադառնալով վերջին շրջանում նկատելի ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը՝ Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան է մտածված կերպով փոխել իր դիրքորոշումը՝ Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին ցույց տալու համար, որ իրենց հետ է «ընկերություն» անում։
«Թուրքիան Արեւմուտքի մասն է կազմում, ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ, ուղղակի ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալիս Ռուսաստանի հետ մի քիչ ավելի սերտ հարաբերություններ ունենալ՝ օգուտ ստանալու համար»,-ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ թուրքագետն ասաց, որ Մարգարայի կամուրջը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի պահանջները Հայաստանը չի կատարել։
«Ես համոզված չեմ, որ Մարգարայի կամուրջը կբացվի, քանի դեռ Ադրբեջանի պահանջների հիման վրա համաձայնագիր չի ստորագրվել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Թուրքիան չի անելու ոչ մի բան»,-հավելել է նա։