Թանգարաններ կան՝ օրը մի մարդ է մտնում, գուցե պետք է փակել դրանք․ Փաշինյան

Կառավարությունը նախատեսում է Օպերային թատրոնում ֆինանսավորման նոր մոդել ներդնել. այն ենթադրում է կազմակերությանը պետության կողմից լրացուցիչ ֆինանսավորման հատկացում, որը կարող է կազմել նշյալ կազմակերպության տվյալ տարում տոմսերի վաճառքից ստացված սեփական եկամուտների առավելագույնը 100%-ը՝ նոր և նախկին ներկայացումների վերափոխված տարբերակների բեմադրության համար:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե սա կարևորագույն բարեփոխումներից է, որի վրա տևական ժամանակ էներգիա ու ժամանակ են ծախսում.

 

«Մենք ասում ենք՝ մշակույթը երկրում ռազմավարական ուղղություն է։ Բնականաբար, երբ սա ասում ենք, մշակույթի, թատերական կազմակերպությունների կողմից լինում է արձագանք, որ պետությունը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի»։

 

Վարչապետը նշեց, որ պետությունը պետք է աջակցի նոր ներկայացումներին, ֆինանսներ են տրամադրում, բայց երբ գնում են ներկայացման, տեսնում են՝ բացի կառավարության ներկայացուցիչներից, այլ հանդիսատես չկա. 

 

«Այսպես չի լինի, կառավարությունը միջոց ծախսում է, որ մշակույթը հասանելի լինի մարդկանց»,- ասաց նա։ Վարչապետը խոսեց նաև թանգարանների մասին, շեշտելով որ կան այնպիսիք, որտեղ օրական հազիվ մեկ մարդ է այցելում։

 

Ըստ նրա, սա արհամարհանք է հենց մշակույթի հանդեպ. «Թանգարանը հո պահեստ չի»,- ասաց նա։