ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Խաչատրյանին

Կառավարությունը սխալ ուղով է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

 

«Ես հարց ուղղեցի, թե որքան ջուր է բաց թողնվել մինչև ոռոգման սեզոնը, պատասխան չկա: Որովհետև ոռոգման սեզոնը սկսվում է, արդեն ջուր չկա»,- ասաց նա:

 

Նա նաև նշեց, որ ամեն տարի նույն խնդրի առաջ ենք կանգնելու, գյուղացիները գնալով ավելի քիչ բերք են ստանալու, որովհետև այս կառավարությունը ձախողում է ջրամբարաշինությունը:

 

«Սենց չի լինի, էլի գալու եք, ասելու եք՝ բա ի՞նչ անեինք, ջուր չտանք, էս մարդիկ ծարավ կլինեն, բերք չի լինի»,- վրդովվեց ընդդիմադիր պատգամավորը։

Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց․

«Ես էլ կարող եմ ձեր պես էմոցիոնալ ասել՝ ջրամբարներում պետք է ջուր լիներ, դե թող լիներ»։

 

Հարցի քննարկումից հետո Արթուր Խաչատրյանը դարձյալ ելույթի համար ձայնի իրավունք խնդրեց, մոտենալով ամբիոնին  ասաց․

 «Ափսոս, Տերտերյանը դուրս եկավ, կանչեք, ասելու բան ունեմ»։

 

Խաչատրյանը հայտնեց, երբ Շիրակի մարզպետ է եղել,  Կապսի ջրամբարի կառուցման համար սկսել էին աշխատանքները, բայց միայն հինգ տարի անց է պայմանագիր կնքում իշխանությունը։

 

Ըստ նրա՝  ջրամբարներից ոռոգման ջուր է  բաց թողնվում մինչև ոռոգման սեզոնի մեկնակը, և ջրամբարների ջուրը չի օգտագործվում միայն ոռոգման նպատակով։

 

ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։

 

«Բա Դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կիլոմետրերի խողովակ գետնի տակից հանեցին ծախեցին, տո՛ Դուք  եք եղել, բա այդ ժամանակ հելնեիք խոսայիք, 30 տարի մի հատ ջրամբար չեք կառուցել։ Այսօր եկել ենք ջրամբար ենք կառուցում, ոռոգման ջրի ցանցեր  ենք փոխում։ Այո ձեր թողած ժառանգության համար մենք դեռ շատ ենք ձախողելու, դեռ շատ խնդիրներ ենք ունենալու։

 

Ամեն անգամ գալիս եք, մեկի ասածի վրա կեղտ եք բռնում։ Միայն  Ապարանի տարածաշրջանից  հազարավոր կիլոմետրերի  խողովակ հանեցին, տարան, էն գյուղապատերը, որոնք ընդդիմանում էին, բռնում, տանում, փակում էին, որ ձեն չհանեն»,- հայտարարեց պատգամավորը։

 

Մաթևոս Ասատրյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է սկսի ուսումնասիրություն, թե ով է խողովակները վաճառել։

«Էդ խողովակները տարել են որպես ուտիլ են հանձնել»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։

 

Քաղաքականություն