
Դրոշին ներկայացնող պահանջները չկատարողները կտուգանվեն․ տուգանքը կբարձրանա

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերից մեկի՝ դրոշի մասին ներկայացավող պահանջները կխստացվեն։ Այս մասին այսօր՝ հունլիսի 11-ին, հայտարարեց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Հարությունյանը շեշտեց, որ դրոշը պետք է լինի՝ ամբողջական, մաքուր և չգունաթափված։
«Սահմանվում է ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում: Փաթեթի հիմնական նպատակն է խստացնել դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից՝ այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում: Բացի այդ՝ նման խախտումների նկատմամբ վերահսկողությունն առաջարկվում է վերապահել միայն ոստիկանությանը, որ այն կարողանա տույժեր կիրառել՝ առանց վարչական դատարան դիմելու»,-նշեց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:
Գործող կարգավորումներով՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, ընդ որում՝ դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար սահմանված է վարչական պաստախանատվություն՝ մասնավորապես տուգանքի նշանակում 30-50 հազար դրամի չափով:
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ այլ վայրերում տեղադրված դրոշներին կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա այս դեպքում դրոշին ներկայացվող պահանջների խախտումները չեն ենթարկվում վարչական պատասխանատվության:
«Կարևորելով դրոշի՝ որպես պետական խորհրդանիշի արժևորումը՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում»,-ասաց փոխնախարարը:
Նշենք, որ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար ֆիզիկականց կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով: