Ամենայն հայոց կաթողիկոսը Հնդկաստան է մեկնել երկու երիտասարդ կնոջ հետ․ «Հրապարակ»

«Էջմիածնի տեղեկատվական համակարգը օրեր առաջ հաղորդեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 27-ին մեկնում է Հնդկաստան եւ Թաիլանդ` մեկշաբաթյա այցով: Շատերը տարակուսեցին, թե ինչու է կաթողիկոսն այդքան հաճախ մեկնում Հնդկաստան, և ինչն է հատկապես Թաիլանդ մեկնելու նպատակը»: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: 

 

«Մեկ շաբաթն արդեն լրացել է, սակայն, պարզվում է, Վեհափառը դեռ չի վերադարձել այդ էկզոտիկ ուղեւորությունից: Ավելին` մեկ շաբաթվա ընթացքում գեթ մեկ նախադասություն Էջմիածինը չի հաղորդել, թե Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն ինչու է մեկնել Հնդկաստան, ում հետ է հանդիպել, ինչ է արել Հնդկաստանում եւ հատկապես` Թաիլանդում: Ի վերջո, ինչ հոգեւոր բովանդակություն է ունեցել այցելությունը: Արամ Առաջինի` Կանադա այցի ժամանակ մենք ժամ առ ժամ հաղորդագրություններ էինք ստանում, թե ում է հանդիպել Կիլիկիո կաթողիկոսը, ինչ է արել:

 

Մենք երեկ հետաքրքրվեցինք, թե Վեհափառին ինչ պատվիրակություն է ուղեկցել այս ուղեւորության ընթացքում: Պարզվեց` Հայ առաքելական եկեղեցուց մեկ անձ է ուղեկցել` կաթողիկոսի գավազանակիրը: Պատվիրակության մեջ են եղել երկու երիտասարդ կին: Կանայք մեկնել են այն բացատրությամբ, թե Հնդկաստանում կտորներ են ընտրելու` հոգեւորականների հագուստների համար: Մեզ ասացին, որ նրանցից մեկը կաթողիկոսի մաքրուհու դուստրն է, երկուսն էլ ինչ-որ հաստիքների վրա գրանցված են, այսինքն, աշխատում են Վեհարանում»։

 

Auroranews-ը կապ հաստատեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական բաժնից Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ կաթողիկոսի վերադարձի մասին կտեղեկացնեն ըստ պատշաճի:   Քահանան կաթողիկոսի այցի նպատակի և հոգևոր առաքելության, պատվիրակության մեջ Հնդկաստան մեկնած երկու երիտասարդ կնոջ մասին հարցերը չմեկնաբանեց`  նշելով, որ իրենց հաղորդագրության մեջ ինչ-որ պետք է նշված է: 

 

Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղեկացրել էին, որ հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնեց Հնդկաստան և Թաիլանդ։

Քաղաքականություն